Կատեգորիաներ

«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

Տնօրեն
Գագիկ Գյուրջյան
Հասցե
Հայաստան, 0020, Երևան, Էրեբունու փող. 38 շենք
Հեռախոս
(374-10)458207, (374-10)432661
Էլփոստ
[email protected]
Վեբկայք
http://www.erebuni.am
Աշխ. ժամեր
10:30-16:30
Աշխ. օրեր
Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հավելյալ տեղեկություններ


Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների:19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին Նորքի բնակիչ Պ.Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում բերդի ստորոտից գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:

Ա. Իվանովսկին այսեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված: Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ դարձավ, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի): Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք:

Ամրոցին կից տարածքի մի մասը շրջապատվեց հզոր պարիսպներով: Մոնոլիտ ժայռի վրա շինարարները բարձրացրին և հարթեցրին հսկայական քարե զանգվածներ, շարվեց 2մ բարձրություն ունեցող գետնախարիսխը (ցոկոլ) և ապա բարձրացվեց 8 մ-անոց պարսպապատը` հում աղյուսից: Պարիսպը յուրաքանչյուր 8մ հեռավորության վրա ամրացվեց 5 մ-անոց որմնահեցերով:

Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ (բակ) կարելի էր հասնել աստիճաններով: Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի` պաշտամունքային, պալատական և տնտեսական:

Կրոնա-պաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք: Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը` իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով: Վերջինս կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտե սյուներից; Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով: Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար ունեցել է մի քանի հարկ, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ: Սակայն, հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց:

Հրապարակից հյուսիս գտնվում էին պալատական շինությունները: Կենտրոնական հատվածը կազմված էր 17x14մ մակերես զբաղեցնող սյունազարդ բակից` երկայնական կողում բաղկացած 5-ական, իսկ լայնական կողում` 4-ական սյուներով: Պալատի դահլիճն ուներ 17x7,5մ չափեր: Դահլիճի տանիքը հարթ էր և ուներ փայտե ծածկ, իսկ պատերը զարդարված էին բազմագույն որմնանկարներով, ինչպես նաև գորգերով, որոնք կախելու համար պատերի մեջ խփել են խոշոր, կլորավուն գլխիկներ ունեցող գամեր: Որոշ անցքեր այժմ էլ պարզ երևում են:

Առանձնակի տեղ էր զբաղեցնում սյունազարդ դահլիճը, որտեղ մտնելու համար անհրաժեշտ էր սյունազարդ բակից անցնել նեղ և երկար մի սրահով, որից հետո բացվում էր վեհաշուք շքադահլիճը: Պատերը և կավածեփ նստարանները սպիտակեցված էին: Դահլիճին կից դասավորված էին 5 իրար հաղորդակից սենյակներ:

Պալատական հատվածի արևմտյան հատվածում էր գտնվում սուսի տաճարը` ձոնված Իվարշա/Իուբշա աստծուն: Ընհանրապես, սովորաբար սուսի տաճարները ձոնվել են Ուրարտուի գերագույն աստված Խալդիին, և միայն Էրեբունիում և Չավուշթեփեում(Հայկաբերդ) այս տաճարները համապատասխանաբար նվիրված են եղել Իվարշա և Իրմուշինի աստվածներին: Իվարշա աստծո վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն Իվարշայի պաշտամունքն ունեցել է փոքրասիական ծագում: Ըստ մեկ այլ կարծիքի` այս աստվածությունը եղել է Արարատյան դաշտի տարածքում գտնվող Ուազա երկրի բնակիչների աստվածություններից մեկը:


Կատեգորիա - ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 5796